+374 55 400 130

Գինով համեմված տանձ

Գինով համեմված տանձը դա պարզության և խոհարարական նրբաճաշակության համադրություն է: Ֆրանսիական աղանդերի հիմնական բաղադրիչներն են` տանձը և գինին: Տանձը պետք է լինի պինդ ոչ գերհասած, քանի որ պատրաստման ընթացքում վերջինս կդառնա չափազանց փխրուն և կկորցնի իր արտաքին տեսքը: Այդ իսկ պատճառով նշված աղանդերի պատրաստման համար առավել հարմար են տանձի Կոնֆերանս, Վիլիամս տեսակները:

Տանձը եփում են կարմիր կամ սպիտակ գինու մեջ: Ամենակարևորը` օգտագործել բարձրորակ գինի, քանի որ այն անմիջապես ազդում է աղանդի համային հատկանիշների վրա: Շաքարավազի փոխարեն կարելի է օգտագործել մեղր: Համային հատկանիշները առավել արտահայտիչ դարձնելու համար գինու մեջ ավելացնում են մրգեր: Հիմնականում նարինջ, կիտրոն կամ հատապտուղներ: Ի դեպ, ալկոհոլը կարելի է մի փոքր նոսրացնել նարնջի, խնձորի և նռան հյութերի միջոցով:

Բաղադրիչներն են

Տանձ` 4 հատ

Գինի` 750 մլ

Շաքարավազ` 200 գր.

Նարինջ` 1 հատ

Դարչին` 1 փայտիկ

Վանիլին` 1պտղունց

Մեխակ` 10 հատ

Անիսոն` 5աստղիկ

Պատրաստման եղանակը

Նարնջի կեղևը քերել` փորձելով սպիտակ հատվածը չվնասել: Նարինջը բաժանել մասերի և հյութ քամել:

  • Կաթսայի մեջ լցնել գինին, նարնջի հյութը, շաքարավազը, մեխակը , անիսոնը, նարնջի կեղևը և դարչնի փայտիկը:
  • Կաթսան դնել կրակի վրա և հասցնել գրեթե եռման աստիճանի, ապա հանել կրակի վրայից:
  • Գինին քամել` հանելով համեմունքերի սերմերը: Միայն թողնել նարնջի կեղևը և դարչնի փայտիկը:
  • Հեռացնել տանձի կեղևը և փոքր-ինչ կտրել տանձի ստորին հատվածը:

Մաքրած տանձերը դնել համեմված գինու խառնուրդում: Եփել միջին կրակով մոտավորապես 15-20 րոպե:

  • Կաթսան կրակի վրայից վերցնել, հանել տանձերը և թողնել ուղղահայաց վիճակում: Առանձին զովացնել գինու խառնուրդը և տանձերը:
  • Այնուհետև տանձերը դարձյալ դնել գինու խառնուրդի մեջ 40-60 րոպե, որպեսզի վերջիններս լրացուցիչ կլանեն գինու և համեմունքների համային հատկանիշները:
  • Տանձերը մատուցել պաղպաղակի և հատապտուղների հետ :